Վեոլիա Ջրի այսօրվա հյուրերը **Զամբիայից** էին:  
Եկել էին ուսումնասիրելու ջրային ռեոսուրսների կառավարման հայաստանյան փորձը: Իսկ Հայաստանի ճանապարհը նրանց ցույց էր տվել ամերիկյան ***«Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ»*** ընկերությունը (հիմնադիրը, ի դեպ, հայ է), որը շահել է Համաշխարհային բանկի մրցույթը և այս երկրում *«Լուսակայի սանիտարական ծրագրի»* շրջանակներում կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծում:

Ինչպես տեղեկացրեց այդ ընկերության հայաստանյան մասնաճյուղի Բիզնեսի զարգացման մասնագետ *Լիլի Մկրյանը*, հյուրերն այստեղ տեսնելու, ծանոթանալու շատ բան ունեն: Արդեն այցելել են Ջրային կոմիտե, իսկ հիմա Վեոլիա ջրի փորձն են ցանկանում ուսումնասիրել:

Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, Ներդրումների տնօրեն *Շահին Բուտուիլան* ու ***«Արևելք»*** տարածաշրջանային տնօրեն *Կարապետ Օհանյանը* հյուրերի հետ կիսվեցին ընկերության փորձով, առաջին հերթին ներկայացրեցին կոյուղատար համակարգի կառավարումն ու ջրի մաքրման, որակի ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքը, որն առանձնապես շատ էր հետաքրքրում Զամբիայի ներկայացուցիչներին:

Ի դեպ, նրանց թվում էին և՛ առողջապահության մասնագետներ և՛ ջրամատակարարներ, որոնցից յուրաքանչյուրը ստացավ իրեն հետաքրքրող տեղեկատվությունը ինչպես Վեոլիա Ջրի, այնպես էլ Վեոլիա Գրուպի փորձառության մասին: