**«Վեոլիա** **ջուր» ընկերությունը** **սկսել** **է ցայտաղբյուրների փականային նոր համակարգի ներդրման պիլոտային** **ծրագիրը։ Նախատեսվում** **է Երևանի տարբեր** **հատվածներում** **ընդհանուր** **թվով 48 ցայտաղբյուրի** **վրա** **փականներ** **տեղադրել՝ ընկերության միջոցներով**:  
   
Ցայտաղբյուրների փականային նոր համակարգը թույլ է տալիս ձեռքի թեթև հպումով կրկին վերականգնել ջրի հոսքը, իսկ հեռանալուց հետո այն դանդաղ կմարի: Մայրաքաղաքում իրականացվող ծրագրի նպատակն է գործող ցայտաղբյուրների ջրի կորուստը նվազագույնի հասցնել:  
   
**Երևանը՝ ցայտաղբյուրների մայրաքաղաք**

Ցայտաղբյուրները Երևանի այցետոմսն են և կենսական նշանակություն ունեն Հայաստանի արևային մայրաքաղաքի համար։

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2019/09/10_3_1.jpg.webp?itok=Lrbk8uIJ)   



Դեռևս նախորդ դարի սկզբից Երևանում մեծ տարածում գտավ այնպիսի հուշարձան-աղբյուրների կառուցումը, ինչպիսիք դժվար է գտնել որևէ այլ երկրում և այսօր ցայտաղբյուրները ոչ միայն ամռան շոգին ծարավը հագեցնելու ջրի սառնորակ աղբյուր են, այլև համարվում են Երևանի յուրահատուկ խորհրդանիշը: Զբոսաշրջիկին հատկապես զարմացնում է, որ մայրաքաղաքի յուրաքանչյուր փողոցում ու բակում կարելի է ջուր խմել`առանց վճարելու: Իսկ Երևանյան ցայտաղբյուրներն առանձնանում են քաղցրահամ ու սառնորակ ջրով։  
   
**Փականային համակարգ՝ ջրի տնտեսում**  
   
Փականային նոր համակարգը նոր որակ կհաղորդի Երևանի ցայտաղբյուրներին և, չխաթարելով դրանց կանոնավոր աշխատանքը, միաժամանակ կտնտեսի հայկական լեռներից եկող քաղցրահամ ջուրը:

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2019/09/11_1.jpg.webp?itok=5qFoqsn8)   



**«Վեոլիա** **Ջուր» կազմակերպության** **մեր** **գործընկերների** **հետ** **պայմանավորվեցինք** **իրականացնել** **պիլոտային** **մի** **ծրագիր, որինպատակն** **է** **գործող** **ցայտաղբյուրների** **ջրի** **կորուստը** **նվազագույնի** **հասցնել** **փականային** **համակարգի** **ներդրման** **միջոցով»:**  
   
ՀՀ Կառավարության Աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանի [ֆեյսբուքյան էջում](https://www.facebook.com/aghajanyan.eduard/posts/2265285093515189?__xts__%5b0%5d=68.ARBrwR9TCWPMi-MpB7hm8OuqQC4o-IFT2CoFCj0Vfl0kud1notjkuEZP34cVf3FKl0EBC9CuZ3rqTQ8QU-nazCIb2xqqmKhlfKkfyHvLSRuEBFTwy7-73WuHH0Jq2lTLIjWHGEJJYexyofUfiOQWAC_U2-swroKQDsIiDIN7G7uDXhTM4AE8etoXwltUMtO_R5L3mUiftmMPkJt97AaIICbjMiWx0sYKIu6Kdpngkci63jfkK2MS4x5gtNZepn8TQmAY4O2mcMIlqiaODhlHsuQ_tDm8qIOctd__KbKarTpyJ06SF2xRzzi0jv2-MkMA0l2jPYhJ-7-tGj1fPHgFRHKCBR_S&__tn__=-R) արված այս գրառումը զգալի հետաքրքրություն էր առաջացրել հանրության շրջանում։  
   
Հարցադրման հրատապությունն ակնհայտ էր, քանի որ ջրի մեծ մասը կորում է աննպատակ: Հետևաբար, որքան կարևոր էր ցայտաղբյուրների կանոնավոր աշխատանքի ապահովումը, նույնքան էլ՝ քաղցրահամ ջրի տնտեսումը:  
   
Խնդրի լուծման նպատակով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն սկսել է պիլոտային ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է քաղաքի տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ 48 ցայտաղբյուրի վրա փական տեղադրել: Այն իրականացվում է ընկերության միջոցներով և ծախսը մեկ փականի հաշվով յոթ հազար դրամ է կազմում։

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2019/09/12_2_0.jpg.webp?itok=cFXo7m3G)   



**Հուշարձան-աղբյուրներն արդեն ջուր են** **տնտեսում**  
   
**«Մեկ օրում արդեն հասցրել ենք 8 հատ այսպիսի փական տեղադրել, շատ հարմար բան է բոլոր առումներով», - ասում է փականագործ Արտուշ Հարությունյանը:**  
   
«Վեոլիա ջուր» ընկերության «Կենտրոն» տեղամասի մասնագետները ցայտաղբյուրի վրա փական են տեղադրում Թումանյան փողոցում՝ մեծ Վարպետի տուն-թանգարանի հարևանությամբ: Աշխատանքը երկար չտևեց, քանի որ մասնագետները բազմահմուտ էին։ Օպերայի բակում նոր համակարգի ներդրման աշխատանքներին հետևում էր նաև ընկերության «Արևելք» տարածաշրջանային տնօրեն Կարապետ Օհանյանը:  
   
**«Միջին ճնշմամբ, միջին թողունակությամբ ցայտաղբյուրն օրական ծախսում է 3-5 խորանարդ մետր ջուր։ Այս նորամուծության շնորհիվ ծախսը նվազում է գրեթե 10 անգամ»։**

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2019/09/9_1.jpg.webp?itok=ZlCvDjAk)   



Մայրաքաղաքի շուրջ 3000 ցայտաղբյուրները միասին տարեկան մոտ 4.3 միլիոն խորանարդ մետր ջուր են օգտագործում:  
   
Ակնհայտ է, որ համակարգի ներդրման դեպքում ջրի տնտեսումն առավել քան շուշափելի է լինելու: Սակայն կարևոր է նաև փականներին խնամքով վերաբերվելը:  
Պիլոտային ծրագրի շարունակության հավանականությունը զգալիորեն կախված է նորամուծությանը սպառողների վերաբերմունքից:  
   
Բնակիչների արձագանքն, իհարկե, միանշանակ չէ։ Շատերը կողմ են, ոմանք էլ կարծում են, որ ջուրը մշտապես հոսելու դեպքում կարող է միայն սառը լինել: Մինչդեռ սարերից Երևան հասնող ջուրն առանց այդ էլ սառն է, բարձրորակ ու հաճելի:  
  
Գործը նոր է թափ առնում, սակայն փականից դժգոհողները որոշ վայրերում արդեն հասցրել են վնասել ծորակները:

   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2019/09/IMG_0039_2.jpg.webp?itok=nj5C7EE4)