Խմելու ջուր

1911 թ. դեկտեմբերի 23-ին «Էրիվանյան ջրմուղ» փայատիրական ընկերության կողմից (ինժեներ Վասիլի Միրզոևի գլխավորությամբ) Կաթնաղբյուր-Երեւան ջրատարի շահագործմամբ կենարար հեղուկի առաջին լիտրերը հոսեցին դեպի ջրի կարոտ Երեւան: Դրանով Հայաստանում սկիզբ դրվեց կենտրոնացված ջրամատակարարմանը, ընդ որում մեկ առանձին վերցված բնակավայրում:
     Ներկայումս ջրամատակարարման համակարգը ներառում է ջրի արտադրության 133 օբյեկտ, 53 խոշոր պոմպակայն ջրաղբյուրներում,
10 055կմ ընդհանուր երկարությամբ ջրատարներ, 365 օրվա կարգավորիչ ջրամբար, 93 քլորակայան և 8 խմելու ջրի մաքրման կայան, 4791 հանրային ցայտաղբյուրներ:
     Մեր ջուրն իր բարձր որակական հատկանիշների շնորհիվ բարի համբավ է վայելում սպառողների շրջանում, այն հայտնի է նաեւ հանրապետությունից դուրս: Ապարան, Գյումուշ, Արզնի, Շոր-շոր, Արզական, Կաթնաղբյուր, Գառնի, Արարատյան, Սաղմոսավան, Մաքրավան, Ղազարավան, Նովոսելցովո, Ղազանչի, Զույգաղբյուր, Հացառատ՝ այս անունները լավ հայտնի են մեր սպառողներին:
     Եթե առաջին ջրատարի թողունակությունը վայրկյանում միայն 23 լիտր էր, ապա ներկայումս ջրի արտադրությունը համակարգում կազմում է մոտ 17,000 լիտր վայրկյանում: Սպառողների քանակն էլ է անհամեմատ ավելացել: Նախկին գավառական Էրիվանի փոխարեն իր մոտ 30,000 բնակիչներով, այսօր Վեոլիա ջուրը սպասարակում է ոչ միայն քաղաքամայր Երևանը, այլեւ 44 այլ քաղաքներ եւ 311 գյուղեր: Ընդամենը 356 բնակավայր: Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 72 բնակավայրի: Ընդհանուր առմամբ մենք սպասարկում ենք 552 000 գործող բաժանորդի կամ Հայաստանի բնակչության մոտ 73 տոկոսին:
     Անհամեմատ բարդացել է նաեւ ջրի ճամփան: Էրիվանում սպառողը ջուր էր ստանում միայն մարդաշատ վայրերում տեղադրված 9 ծորակներից, կամ էլ մնում էր ջրավաճառ երեխաների հույսին: Իսկ հիմա կենարար հեղուկը սպառողներին հասնելու համար որպես կանոն աղբյուրներից նախ հոսում է դեպի օրվա կարգավորիչ ջրամբարներ (ՕԿՋ), այնուհետեւ տրվում է ներքաղաքային բաշխիչ ցանց: Բնակավայրերում ջուրը սպառողներին է հասնում արյունատար անոթների դեր կատարող խողովակներով, որոնց գործունեությունը կարգավորում և ջրին «կանաչ ճանապարհ» են տալիս դիտահորերը՝ իրենց փականներով ու ճնշման կարգավորիչներով: Որտեղ ջրի ճնշումը չի բավարարում, գործի են դրվում բակային պոմպակայանները:
     Միայն երկու տարի է, ինչ գործում է Վեոլիա Ջուրը, սակայն արդեն իսկ զգալի գործ է կատարել իր սպասարկման տարածքում ջրամատակարարման բարելավման ուղղությամբ: Վարձակալության պայմանագրի հաջորդ տարիներին այդ աշխատանքներն էլ ավելի լայն ծավալներ են  ընդունելու՝ նպատակ ունենալով մինչեւ 2031թ. արմատապես բարելավվել խմելու ջրի մատակարարումը Հայաստանում: