Ջրի որակ

     Ընկերությունում ջրի որակի մոնիտորինգն իրականացվում է առկա լաբորատորիաների և անձնակազմի միջոցով։ Ընկերությունում կիրառվում են միայն Հայաստանի Հանրապետությունում ընդունված ստանդարտները և ընթացակարգերը։ Ընկերությունում գործում է 1 կենտրոնական լաբորատորիա Երևանում, 6 մարզային լաբորատորիաներ մարզերում և 21 տեղամասային լաբորատորիաներ։
     Լաբորատորիաները հագեցած են դաշտային չափման նորագույն սարքավորումներով՝ pH-մետրերով, պղտորաչափերով, քլորի որոշման ֆոտոմետրերով եւ այլ սարքերով՝ պայմանագրով նախատեսված ջրի որակի ցուցանիշներն իրականացնելու համար։
     Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի համակարգում ջուրը վերցվում է մեծամասամբ լեռնային աղբյուրներից, որը լիովին համապատասխանում է խմելու ջրի Հայաստանում գործող Սանիտարական նորմերին և կանոններին ու մատակարարվում է սպառողներին, հիմնականում առանց լրացուցիչ մաքրման: Ջրի մաքրման կայաններ գործում են միայն Վանաձոր, Դիլիջան, Բերդ, Կապան և Մեղրի քաղաքներում, որտեղ օգտագործվող ջրի մի մասը վերցվում է բաց ավազաններից՝ գետային ջրընդունիչներից, նախապես մաքրվում է ու միայն հետո տրվում բաշխիչ ցանց: Այնուամենայնիվ, ջրի անվտանգությունն ապահովելու նպատակով, աղբյուրներում քլորակայանների միջոցով կանխարգելիչ նկատառումներով ջուրը քլորացվում է` ապահովելով վերջինիս մեջ 0.3-0.5 մգ/լ մնացորդային քլորի առկայություն:
     Համաձայն «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» սանիտարական նորմերի և կանոնների՝ յուրաքանչյուր տարվա համար կազմվում են խմելու ջրի որակի ժամանակացույցեր, հաշվի առնելով նաեւ ՀՀ Առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության կենտրոնի առաջարկությունները: Համաձայն հաստատված ժամանակացույցերի՝ Ընկերության ջրի որակի հսկողության լաբորատորիաներում կատարվում են ջրի ընդհանրացված, ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և զգայորոշման, մնացորդային քլորի հետազոտություններ։ Իսկ որպեսզի դրանց արդյունքները առավելագույնս հավաստի լինեն, 2017թ. ընթացքում «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից ստուգաչափվել են Ընկերության խմելու ջրի որակի հսկողության կենտրոնական և մարզային լաբորատորիաների 87 լաբորատոր և դաշտային սարքավորումներ` մեկ տարի շահագործման հավաստագրով:
     Ջրի որակը համակարգում ստուգվում է հետևյալ հաճախականությամբ.
     1․Շուրջօրյա հսկողություն օնլայն ավտոմատ անալիզատորներով՝ հանրապետության դժվարհասանելի և առավել ուշադրության արժանի տարածքներում,
     2.Ամեն երկու ժամը մեկ` մայրաքաղաքի բոլոր 24 օրվա կարգավորիչ ջրամբարներում (ՕԿՋ)՝ սպասարկող օպերատորների կողմից,
     3.Ամեն օր` հանրապետության 106 հսկիչ կետերում՝ խմելու ջրի հսկողության լաբորատորիաների կամ տեղամասային լաբորանտների կողմից,
     4.Յուրաքանչյուր եռամսյակ` բոլոր ջրաղբյուրներում՝ խմելու ջրի հսկողության լաբորատորիաների կողմից,
     5.Կատարվում են ամենամյա ռադիոլոգիական և քիմիական հետազոտություններ,
     6.Բոլոր նոր ջրագծերի կառուցումից, ՕԿՋ-ների լվացումից, բաշխիչ ցանցի վերանորոգումից կամ այլ տեխնիկական աշխատանքներ կատարելուց հետո՝ ջրի լաբորատորիաների կողմից կատարվում են ջրի հետազոտություններ:
     Այս ամենի շնորհիվ վարձակալության պայմանագրի առաջին տարվա ընթացքում մատակարարված խմելու ջուրը 97,7%-ով համապատասխանել է ՀՀ-ում գործող սանիտարական կանոններին և նորմերին (թույլատրելի շեմը 95%-է), իսկ համակարգում չի արձանագրվել խմելու ջրի որակի էական խախտման որեւէ դեպք: