Վեոլիա Ջուր ՓԲԸ արձագանքը

25 սեպտեմբեր 2019
 
     Օրերս «Հետք» առցանց թերթը բավական սրտաճմլիկ հրապարակումով անդրադարձել էր Մասիս քաղաքում մատակարարվող ջրի որակին՝ «դե չի խմվում է՜լի, հո զոռո՞վ չի» անթաքույց եզրահանգումով:
     Ընդ որում, հանդես էր եկել ոչ թե «հենց այնպես», այլ «հետաքննության» արդյունքներով, որի մասնակցել էին ով ասես, բացի ... Վեոլիա ջրի ներկայացուցիչներից:
արզ1
      Կա հստակ և բավական հիմնավորված բացատրություն, թե նման դեպքերում ինչու են լրատվամիջոցները խուսափում պարզաբանումների համար դիմել իրավիճակի մեղավորին /կամ «մեղավորին»/: Որովհետև փաստերը կարող են քիչ ավելի լուսավոր լինել և չապահովվել հրապարակման «պահանջվող սրությունը»: Ուրեմն չէր լինի նաև այսպես կոչված հետաքննություն, չէր լինի դրամատիկ վիճակ, որի մեղավորն անշուշտ Վեոլիա ջուրն է: Ավելին, տարրական օրինավորությունը, էլ չասած մասնագիտական անաչառությունը, պահանջելու էր նաև նշել վերջինիս կատարած աշխատանքը տարածաշրջանում, ինչը «Հետք»-ի համար թերևս անընդունելի է:
      Մեր դեպքում հաստատ այդպես էր լինելու, որովհետև իրականությունը հետևյալն է:
      Մինչև 2017թ.-ը, տասնամյակներ շարունակ Մասիս քաղաքն ու տարածաշրջանի գյուղերը խմելու ջուր ստացել են ԲԱՑԱՌԱՊԵՍ Արարատյան դաշտի խորքային հորերից: Որակը անընդունելի չես համարի, բայց իհարկե լեռնային աղբյուրների ջրի հետ էլ չես համեմատի: Ինչևէ, ստացել են և առանձնապես չեն դժգոհել: Այդ թվում ԶԼՄ-ները ( ՜, ՞): Բոլորն էլ լռելայն ընդունել են, որ այլ ելք չկա, քանի որ ջրի ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ այստեղ պարզապես չկան:      Եկավ Վեոլիա Ջուրը թե չէ, ձեռնամուխ եղավ իրավիճակի շտկմանը:
      Հենց առաջին գարնանը՝ 2017-ի մարտ-ապրիլ ամիսներին իրականացվեց նախկին Երևան Ջուր և Հայջրմուղկոյուղի ընկերությունների համակարգերի, այդ թվում ջրի աղբյուրների, համակցման ծրագիր, որի շնորհիվ դեպի Մասիս հոսեց Երևանում ՏՆՏԵՍՎԱԾ Գառնու ջուրը, իսկ հարակից գյուղեր՝ Արզականի և Արզնու ջուրը: Արարատյանի խորքային հորերի ջրերի հետ դրանց միախառնման արդյունքում սպառողներին մատակարարվող ջրի որակը լիովին համապատասխանեց Հայաստանում դրան ներկայացվող պահանջներին: Ամռանը, ինչպես և սպասվում էր, Երևանում ջրի սպառման ծավալների ավելացմամբ պայմանավորված, Մասիսի տարածաշրջանում վերադարձան նախկին վիճակին: ԵՎ այսպես ամեն տարի. սեպտեմբերից մայիս այստեղ մատակարարվում է միախառնված ջուր, իսկ ամռանը միայն խորքային հորերի ջուր: Առայժմ, ցավոք, այլ ելք չկա: Այնուամենայնիվ, նախկինի հետ իրավիճակի դրական փոփոխությունն ակնհայտ է: Բայց հասկանալի է՝ տեսնել ցանկացողների համար:
Արարատյան
     Հարց է առաջանում. իսկ հնարավոր չէ՞ մեկընդմիշտ հրաժարվել խորքային հորերի ջրից:
      Պատասխանը հետևյալն է. բայց ինչո՞ւ ենք մենք միայն Մասիսի մասին խոսում: Լոկ այն պատճառով, որ Երևանին հարակից է ու ձայնը շո՞ւտ է լսվում: Իսկ Արմավի՞րը, մյուս տասնյակ քաղաքներն ու գյուղերը, որտեղ նույնպես ջուր են ստանում խորքային հորերից կամ գետերից:
Հետևաբար, խնդրին պետք է համակարգված մոտենալ: Այն, ինչ առ այսօր արել է ֆրանսիական Վեոլիա Ջուրը, արել է սեփական ֆինանսական միջոցներով, որոնք գոյանում են վարձավճարից՝ համաձայն սակագնի, որի մեջ համակարգի ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ուղղված բաղադրիչ չկա: Այս խնդիրը վարձակալության պայմանագրով պետք է լուծի հայկական կողմը՝ ՍԵՓԱԿԱՆ միջոցներով: Խոստացած գումարի չափն էլ գաղտնիք չէ՝ 200 մլն ԱՄՆ դոլար: Փաստ է նաև, որ անցած գրեթե 3 տարիների արդյունքներով վերջինս այստեղ առանձնապես հպարտանալու բան չունի: Իսկ իր ներդրումային պարտավորությունը՝ 37,5 մլրդ ՀՀ դրամ չափով, Վեոլիա Ջուրն առաջին հերթին պետք է ուղղի վարձակալած համակարգի ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆՆ ու ՊԱՀՊԱՆՄԱՆԸ, ինչը և արվում է: Ուրեմն, կլինեն մեծածավալ ներդրումներ, կլինեն և խոշոր լուծումներ: Եվ ոչ միայն Մասիսում:
     Ու ոչ մի «Հետք» կամ այլ լրատվամիջոց իրավունք չունի գնահատական տալու Վեոլիա Ջրի աշխատակազմի գործունեությանը առանց այս փաստերը հաշվի առնելու: Այլապես ամեն մի քննադատություն վերածվում է վարկաբեկման պարզունակ փորձի, ինչը մեզանում ցավոք տարածված է, բայց համոզված չենք, որ պատիվ է բերում չորրորդ իշխանությանը:
Ի վերջո գնահատական տալը պատկան մարմինների՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Ջրային կոմիտեի ու վերջինս կողմից ընտրված Աուդիտոր կազմակերպության՝ գերմանական Sachsen Wasser ընկերության գործառույթն է, որոնք մշտապես հետևում են Վեոլիա Ջրի աշխատանքին, ուսումնասիրում են արդյունքները և օգնում լուծել համակարգի առջև ծառացած ու տասնամյակների պատմություն ունեցող խնդիրները:
Արզնի
     Եւ որպես մեր պարզաբանման ավարտ:
     Մասիսին ներկայումս տրվող ջրի ուղիղ կեսը ստացվում է Գառնուց: Որակը միանգամայն գոհացուցիչ է, իսկ երկուշաբթի, հոկտեմբերի 28-ին, Մասիսին հարակից 9 գյուղերն արդեն լիովին կանցնեն Արզականի և Արզնու ջրերին, առանց խորքային հորերի ջրերի միախառնման: Մինչև մայիս-հունիս, մինչև ամռան տապերը, մինչև սպառվեն Վեոլիա Ջրի կողմից լեռնային աղբյուրների ջրերը տնտեսելու բոլոր հնարավորությունները: