Կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները

13 մարտ 2019
 
Veolia
Վերջին ամիսներին նկատելիորեն աշխուժացել են որոշ անձինք, խմբեր ու կազմակերպություններ, ովքեր սեփական նախաձեռնությամբ իրենց վերապահել են Վեոլիա Ջուր ՓԲԸ հանրային վերահսկողության իրավունքը եւ այդ անվան տակ փաստացի ծավալել են ջրամատակարար կազմակերպությանը վարկաբեկելուն ուղղված ակտիվ աշխատանք:
Դրանցից մեկը «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» կոչվող ֆեյսբուքյան խումբն է, որը առիթը բաց չի թողնում իր՝ սիրողական մակարդակով իրականացվող տարատեսակ «ուսումնասիրությունների», մտավարժանքների հիման վրա սեփական եւ խիստ բացասական գնահատականը տալ գործերի վիճակին ընկերության համակարգում:
Նման դիրքորոշման պատճառները քաջ հայտնի են: Արդեն առիթ եղել է ասելու, որ նշված խմբի հետեւում հիմնականում կանգնած են Վեոլիա ջրից ինչ-ինչ պատճառներով դժգոհ, այդ թվում համակարգից աշխատանքից ազատման, հետեւաբար, անձնական, խմբակային նեղ շահերով առաջնորդվող անձինք, եւ զարմանալի չէ, որ նրանց «եզրակացությունները» մշտապես հանգում են միանգամայն կանխատեսելի արդյունքի:
Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ընկերության գործունեությանը գնահատական կարող են տալ միայն հետեւյալ իրավասու կազմակերպությունները. անկախ տեխնիկական աուդիտոր, գերմանական «Սաքսեն Վասսեր» ընկերությունը, ՀՀ ՀԾԿՀ-հ եւ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեն:
Վեոլիա ջուր ՓԲԸ համբերատարությունն ու ներողամտությունը թերեւս թուլության նշան համարելով, այդ անձինք, խմբերն ու կազմակերպությունները ինչպես պատկան պետական մարմիններին, այնպես էլ հանրությանը՝ զանգվածային լրատվամիջոցներով շարունակաբար ներկայացնում են իրականությունը խեղաթյուրող տեղեկատվություն ու այդ կերպ վնաս հասցնում ընկերության գործարար համբավին:
Ստեղծված իրավիճակում Վեոլիա ջուր ՓԲԸ տնօրինությունը հորդորում է լրատվամիջոցներին դրսեւորել շրջահայացություն և զսպվածություն՝ այդօրինակ տեղեկատվությունը հանրության ներկայացնելու հարցում եւ հայտարարում է իր վճռականության մասին՝ ձեռնարկել օրենսդրորեն նախատեսված բոլոր միջոցները նշված կառույցների որդեգրած վարկաբեկիչ գործելաոճին վերջ դնելու նպատակով:
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ տնօրինություն