Լսարանը ակտիվ էր ու շահագրգիռ

     Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գոտու Իրավաբանական ծառայության Գլխավոր խորհրդական Մաթիաս Հեսդեյը  և Մրցակցության, գնումների և ապահովագրության հարցերով ծառայության ղեկավար Արիան Օյսթրայխերը համատեղ հանդես եկան «Հայաստան. Մրցակցության օրենքին համապատասխանության ծրագիր» ուսուցողական ծրագրով:
     Ընկերության «Աէրացիայի ուսուցման կենտրոնում» Վեոլիա Ջրի տնօրեններն էին, տարբեր ծառայությունների ղեկավարները ու առաջատար մասնագետները: Մի խոսքով նրանք, ովքեր համակարգում որոշումներ են ընդունում: Իսկ խոսքը ավելի քան կարևոր առարկայի մասին էր:
     Կոռուպցիան, հովանավորչությունը, անբարեխիղճ մրցակցությունը ոչ միայն իրավական ու բարոյական առումով մերժելի երևույթներ են, այլև զգալի նյութական վնաս են պատճառում տնտեսվարող սուբյեկտներին, նվազեցնում են նրանց գործունեության արդյունավետությունը ու վտանգում ծրագրերի իրականացումը: Իսկ Վեոլիա Ջրում օր օրի ավելանում են, մասնավորապես, իրականացվող շինարարական աշխատանքների ծավալները, նյութատեխնիկական ռեսուրսների գնումները, բազմապիսի ծառայությունների պատվերները: Հետևաբար, դրանց ձեռքբերման գործընթացը պետք է շարունակաբար կատարելագործվի՝ ըստ Վեոլիա Գրուպի համակարգում ընդունված չափանիշների և իրականացվի ներկայացվող պահանջներին համապատասխան: Դրա համար էլ Վեոլիա Գրուպի համակարգում գնումներին առնչվող աշխատակիցների վերապատրաստումը՝ օրվա պահանջներին համապատասխան, պարբերական բնույթ է կրում:

Ահա այս թեմաներին էին նվիրված զեկույցները՝
* ի՞նչ խնդիրներ են շոշափում մրցակցային իրավունքի հարցերը
* ի՞նչ ասել է հակամրցակցային համաձայնագիր
* ինչպե՞ս թույլ չտալ գերիշխող դիրքի չարաշահումներ,
* ինչպե՞ս բացահայտել անբարեխիղճ մրցակցության դեպքերը


 Իսկ դա այն է, ինչի կարիքն այսօր ունեն ջրմուղագործները:
 Վեոլիա Ջրում աշխատանքը կանգ չի առնում: Հարկ է շարունակաբար որոշել, թե որ դեպքերում գնումներն ու աշխատանքները կարելի է ու նպատակահարմար է իրականացնել «դրսի» կազմակերպությունների միջոցով, ինչպես ու ինչ կարգով կատարել դրանց ընտրությունը, ինչպիսին պետք է լինեն մրցութային փաստաթղթերը, ինչպես ապահովել գործընթացի առավելագույն թափանցիկությունը և այլն:
 Լսարանը ակտիվ էր ու շահագրգիռ: Հարցերը դասախոսներին բազմաթիվ էին ու գործնական: Մի խոսքով, միջոցառման մասնակիցները դասը լավ սերտեցին: Կնշանակի նրանց աշխատանքը կլինի էլ ավելի արդյունավետ: