 Վեոլիա Գրուպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գոտու Իրավաբանական ծառայության Գլխավոր խորհրդական *Մաթիաս Հեսդեյը* և Մրցակցության, գնումների և ապահովագրության հարցերով ծառայության ղեկավար *Արիան Օյսթրայխերը* համատեղ հանդես եկան **«Հայաստան. Մրցակցության օրենքին համապատասխանության ծրագիր»** ուսուցողական ծրագրով:  
 Ընկերության ***«Աէրացիայի ուսուցման կենտրոնում»*** Վեոլիա Ջրի տնօրեններն էին, տարբեր ծառայությունների ղեկավարները ու առաջատար մասնագետները: Մի խոսքով նրանք, ովքեր համակարգում որոշումներ են ընդունում: Իսկ խոսքը ավելի քան կարևոր առարկայի մասին էր:  
 Կոռուպցիան, հովանավորչությունը, անբարեխիղճ մրցակցությունը ոչ միայն իրավական ու բարոյական առումով մերժելի երևույթներ են, այլև զգալի նյութական վնաս են պատճառում տնտեսվարող սուբյեկտներին, նվազեցնում են նրանց գործունեության արդյունավետությունը ու վտանգում ծրագրերի իրականացումը: Իսկ Վեոլիա Ջրում օր օրի ավելանում են, մասնավորապես, իրականացվող շինարարական աշխատանքների ծավալները, նյութատեխնիկական ռեսուրսների գնումները, բազմապիսի ծառայությունների պատվերները: Հետևաբար, դրանց ձեռքբերման գործընթացը պետք է շարունակաբար կատարելագործվի՝ ըստ *Վեոլիա Գրուպի* համակարգում ընդունված չափանիշների և իրականացվի ներկայացվող պահանջներին համապատասխան: Դրա համար էլ Վեոլիա Գրուպի համակարգում գնումներին առնչվող աշխատակիցների վերապատրաստումը՝ օրվա պահանջներին համապատասխան, պարբերական բնույթ է կրում:

Ահա այս թեմաներին էին նվիրված զեկույցները՝  
\* ի՞նչ խնդիրներ են շոշափում մրցակցային իրավունքի հարցերը  
\* ի՞նչ ասել է հակամրցակցային համաձայնագիր  
\* ինչպե՞ս թույլ չտալ գերիշխող դիրքի չարաշահումներ,  
\* ինչպե՞ս բացահայտել անբարեխիղճ մրցակցության դեպքերը

  
 Իսկ դա այն է, ինչի կարիքն այսօր ունեն ջրմուղագործները:  
 Վեոլիա Ջրում աշխատանքը կանգ չի առնում: Հարկ է շարունակաբար որոշել, թե որ դեպքերում գնումներն ու աշխատանքները կարելի է ու նպատակահարմար է իրականացնել «դրսի» կազմակերպությունների միջոցով, ինչպես ու ինչ կարգով կատարել դրանց ընտրությունը, ինչպիսին պետք է լինեն մրցութային փաստաթղթերը, ինչպես ապահովել գործընթացի առավելագույն թափանցիկությունը և այլն:  
 Լսարանը ակտիվ էր ու շահագրգիռ: Հարցերը դասախոսներին բազմաթիվ էին ու գործնական: Մի խոսքով, միջոցառման մասնակիցները դասը լավ սերտեցին: Կնշանակի նրանց աշխատանքը կլինի էլ ավելի արդյունավետ:

#