Կիբերհանցագործությանը՝ Կիբերանվտանգություն

      Մեր՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացման դարաշրջանի հրատապ ու կարեւոր խնդիրներից մեկին՝ կիբերանվտանգությանն էր նվիրված ֆրանսիական Վեոլիա Գրուպ ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողովը Երեւանում, որին, վերջինիս համակարգի մաս կազմող Վեոլիա Ջրի աշխատակիցներից բացի, մասնակցում էին նույնպես Ֆրանսիական ՍԱԴԵ ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար կազմն ու ՏՏ մասնագետները:
Կիբերանվտանգություն՝ դրանով կարծես թե ամեն ինչ ասված է, միջոցառման մասնակիցներն ընդհանուր առմամբ տեղակացված էին խնդրից, բայցեւայնպես վարողի, Վեոլիա Գրուպի առաջատար մասնագետներից մեկի՝ Ժան-Մարկ Սեռլի զեկույցը զգալիորեն ընդլայնեց նրանց պատկերացումները խնդրո առարկայի վերաբերյալ: Իրավիճակը ներկայացվեց «իր ողջ գեղեցկությամբ»:
     Պայքարն այստեղ տարեցտարի թեժանում է: Մի կողմից՝ ամեն կերպ պահպանվում են գաղտնիքները, մյուսից՝ փորձ է արվում դրանք յուրացնել: Տարբեր նպատակներով եւ տարբեր տեխնիկական միջոցներով: Ովքեր են կիբերհարձակման հեղինակնե՞րը: Դրանք եւ պետական կառույցներն են, եւ տնտեսական մրցակիցները, եւ քրեական տարրերը, եւ պարզապես ոչ ադեկվատ, չարակամ մարդիկ: Մի կողմից, արագորեն զարգանում են անվտանգության տեխնոլոգիաները, մյուսից, ոչ պակաս արագ, ստեղծվում են դրանք «ջարդող» ծրագրեր: Պայքարը ընթանում է, ինչպես ասում են, փոփոխական հաջողություններով: Այնպես որ պետք է միշտ աչալուրջ լինել:
Այս առումով Վեոլիա Գրուպը, որպես շրջակա միջավայրի ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկը, բացառություն չի կազմում: Եւ խոսքը միայն ֆինանսական շահերի մասին չէ: Վեոլիան նաեւ նորագույն տեխնոլոգիաներ է մշակում ջրամատակարարման, կեղտաջրերի մաքրման, էլեկտրա եւ ջերմաէներգիայի արտադրության, աղբի վերամշակման ոլորտում: Այս ամենն իր գինն ու նշանակությունը ունի:
     Բայց կա եւս մեկ հանգամանք՝ ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սոցիալական նշանակությունը: Պատկերացրեք Երեւանը սնուցող աղբյուրներից մեկի աշխատանքի դադարեցում թեկուզեւ մի քանի ժամով. քաղաքի մի զգալի հատված ուղղակի կջրազրկվի: Իսկ դա տեսականորեն բացառված չէ, քանի որ նույնպես տեսականորեն հնարավոր է հակերների ներթափանցում ընկերության էլեկտրոնային կառավարման համակարգ: Առավել եւս, որ անցումը թվային տեխնոլոգիաների Վեոլիա ջրում շարունակաբար արագանում է: Բայց եւ կա դրա «հակաթույնը» ի դեմս նույն թվային տեխնոլոգիաների հիման վրա գործող հեռակառավարման «ՍԿԱԴԱ» համակարգի, որն օր օրի լայն տարածում է ստանում մեզանում ու ապահովում մայրաքաղաքի կայուն ջրամատակարարումը: Իսկ որպեսզի այն երբեք չխաթարվի, ՏՏ մասնագետները պետք է մշտարթուն լինեն: Ահա Վեոլիա Գրուպի ներկայացուցիչների հիմնական ուղերձը աշխատաժողովի մասնակիցներին: