«Ջուրը, բնությունը և … դպրոցականները»

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

     Ջրի համաշխարհային օրվա նախօրեին, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Երկրաբանական թանգարանում, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աջակցությամբ անցկացվեց աշակերտների կողմից իրականացված հետազոտական աշխատանքների միցույթ՝ «Ջուրը, բնությունը ու ես» խորագրով,  նվիրված բնությանը, ջրային ռեսուրսներին և դրանց պահպանմանը։
     Միջոցառման նպատակը մեկն էր՝ երիտասարդ սերնդին ավելի ուշադիր ու սրտացավ դարձնել շրջակա միջավայրին վերաբերող խնդիրներին՝ մասնավորապես կարևորելով խմելու ջրի պահպանումն ու նրա արդյունավետ օգտագործումը։  Դրա համար էլ որոշվեց համախմբել տարբեր կրթահամալիրների առաջադեմ սաների, խրախուսել բնության հանդեպ նրանց հոգատար վերաբերմունքը և պարգևատրել լավագույն աշխատանքների հեղինակներին։
     Մրցութային հանձնաժողովին իրենց աշխատանքները ներկայացրեցին Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, «Վարդանանք» կրթահամալիրը, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը, Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը, Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան թիվ 66 դպրոցը և Այնթափ գյուղի թիվ 2 դպրոցը։ Միջոցառման ընթացքում դպրոցականները պատմեցին իրենց բնակավայրերում կամ  կրթոջախներին հարող շրջաններում առկա ջրային աղտոտվածության խնդիրների մասին, ցուցադրեցին պաստառներ, լուսանկարներ ու տեսաֆիլմեր, ժյուրիի դատին հանձնեցին իրենց կողմից կատարված հետազոտությունները և սեփական նախաձեռնությամբ իրականացված մաքրման աշխատանքների նկարագիրը։ Եզրակացությունն ակնհայտ էր ու տրամաբանակն. ուզում ենք ունենալ մաքուր խմելու ջո»ւր, ուրեմն եկեք պահպանենք բնությունը, խնամքով օգտագործենք բնական ռեսուրները:
     Ավելին, աշխատանքներն ոչ միայն շատ հետաքրքիր էին, այլեւ խորհրդանշանական. չէ՜ որ հեղինակները դպրոցականներ էին՝ մեր վաղվա օրը: Այսօր նրանք սպառող են, իսկ հետո կդառնան բաժանորդներ: Այստեղից էլ ջրամատակարարի ցանկությունը օգնել այնպիսի միջոցառումների իրականացմանը, ինչպիսին կազմակերպել էր Երկրաբանական թանգարանի տնօրինությունը:
     Ուր քանի որ բոլոր թիմերն էլ պատրաստվել էին շատ հանգամանալից և կատարել էին բավականին լուրջ հետազոտություն՝ ներկայացնելու ջրային ռեսուրսների խնդիրները և իրենց ներդրած լուման այդ խնդիրները լուծելու նպատակով, ժյուրիի անդամները նպատակահարմար գտան «թայմ-աուտ» վերցնել մինչեւ ապրիլի 22-ը՝ Երկիր Մոլորակի օրը, որոշելու համար հաղթողներին:
     Նորից Վեոլիա ջրի հովանավորությամբ նրանք՝ ծնողներով ու ուսուցիչներով, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներով այդ օրը կայցելեն համակարգի աղբյուրներից մեկը, որտեղ կծանոթանան ջրի մատակարարման տեխնոլոգիային, ավելի կխորացնեն նրանց գիտելիքները ջրային ոլորտում՝ «Ջրի դասի» շրջանակներում, կտեսնեն ջրամուղագործների ոչ դյուրին աշխատանքը, կլսեն լեռնային ջրի խորհուրդը ու կստանան պարգեւներ՝ որպես բնության հանդեպ սիրո ու կատարված աշխատանքի գնահատականի:
 
     Տեղեկատվության կարգով: Ջրային ռեսուրսների համաշխարհային օր անցկացնելու գաղափարն առաջին անգամ հնչել է 1992 թվականին ՄԱԿ – ի Շրջակա միջավայրի պահպանության ու զարգացման համաժողովում, որից հետո այն աստիճանաբար սկսվել է նշվել ամբողջ աշխարհում։ Հայաստանում ջրի համաշխարհային տոնը նշում են 2005 թվականից։ Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումներն անցկացվում են նոր թեմաներով։ 2018 թվականի խորագիրն է՝ «Բնությունը ջրի համար» (Nature for water):