   ![](/sites/g/files/dvc2946/files/styles/default/public/image/2020/04/926106912_o.jpg.webp?itok=Z-htJoFN)   



 Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքյոխվյան 37 շենք: Հարևանությամբ ջրի հեղեղ է:

Պարզվում է, Վեոլիա Ջուր ՓԲԸ ջրագծի վրա կառուցված ավտոտնակի տերը, չգոհանալով եղածով, որոշել է խորանալ տարածքում՝ կառուցելով մեքենայի վերանորոգման համար փոս: Խփել է մեկ, խփել է երկու ու… ջարդել է շինության տակով անցնող 150մմ տրամագծով ջրագիծի վրա տեղադրված հին, մաշված ու չգործող հիդրանտը: Ջուրը վայրկենապես հեղեղել է ավտոտնակը ու դուրս թափվել փողոց: Սեփականատիրոջ բարձրացրած հավարին հասնելով, Վեոլիա ջուր ՓԲԸ «Հյուսիս» շահագործման տեղամասը ստիպված է փակել ողջ տարածաշրջանը սնուցող ջրատարը, դրանով իսկ իր կամքից անկախ ջրազրկելով 4-րդ զանգվածի ու Ջրվեժ գյուղի բնակիչներին:

Հազարավոր քաղաքացիներ հիմա մնացել են անջուր՝ ապօրինի կառուցված  
ավտոտնակում ապօրինի գործողության պատճառով: «Հյուսիսը» բան ու գործ թողած ստիպված սկսել է վթարի վերացման աշխատանքներ:

Տեսնես, գոնե հարևան ավտոտնակների տերերը կանեն եզրակացություններ իրավիճակից, թե՞ նրանց շինարարության տենդն էլ է բռնել այս կորոնավիրուսային նեղ վիճակում: